Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։


Նախ անդրադարձ է կատարվել ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծին, քննարկվել է համայնքներում թափառող շների հետ կապված խնդիրը։


Ապա օրակարգային հաջորդ հարցով քննարկվել է համայնքների եկամուտների հավաքագրման 9 ամիսների արդյունքները։ Ըստ այդ արդյունքների համայնքների կատարողականը 9 ամսվա պլանի համեմատ կազմել է 93,7 տոկոս։


Սեփական եկամուտների հավաքագրման տվյալներով առաջատար են Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերը։


Նախարարը հորդորել է ուշադրության կենտրոնում պահել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը՝ ապահովելով 2024 թվականի համար պլանավորված նշաձողը, ինչպես նաև ապահովել պետական բյուջեով մարզպետարանների համակարգմամբ իրականացվող սուբվենցիոն և հրատապ ծրագրերի կատարողականը: