Ձորաղբյուրում մեքենաների բախումից հրդեհ է բռնկվել. 19–ամյա վարորդը մահացել է

Կոտայքի մարզի Զորաղբյուր գյուղի Նորավան թաղամասի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Վարորդներից մեկը մահացել է, մյուսը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։



Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է նոյեմբերի 1-ին` ժամը 23:01–ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։



Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Թ․ Ղ․ ծնված 2005 թ.) և «Moskvich» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։




Փրկարարները հոսանքազրկել են «Moskvich» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ 23:24-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։