Գևորգ Պապոյանը մասնակցել է 430 բնակարանից բաղկացած «Լույսեր» բնակելի համալիրի բացման արարողությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 2-ին մասնակցել է 430 բնակարանից բաղկացած «Լույսեր» բնակելի համալիրի բացման արարողությանը։


Բնակելի համալիրն ունի մեկ հեկտար կանաչապատ բակ՝ 140 ծառ և 1500 բուսատեսակ, հանգստի գոտիներ, ժամանակակից խաղահրապարակներ և սպորտային հրապարակներ՝ հագեցած անհրաժեշտ սարքավորումներով։



Նախարարը ողջունելով ներկաներին` նշել է, որ այսպիսի ծրագրերը վառ ապացույց են, թե ինչպես է արդյունավետ պետական քաղաքականությունը նպաստում ոլորտի զարգացմանն ու ընկերությունների կայացմանը:


Կառուցապատման ոլորտը կարևորագույն դեր ունի մեր երկրի բնակարանային ֆոնդի թարմացման, համայնքային զարգացման և ամենակարևորը՝ մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացման հարցում։ Ուրախ եմ նաև նշել, որ «Լույսեր» ընկերությունն իրական հատվածի այն սակավաթիվ ընկերություններից է, որն ընտրել է կապիտալի շուկա դուրս գալու ուղին՝ օգտվելով շուկայից ֆինանսների ներգրավման առավելություններից»,- ասել է նախարարը:



Ընկերությանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի շրջանակում օժանդակություն է տրամադվրել 30 մլն ՀՀ դրամի չափով։ Առաջիկա երեք տարիների ընթացքում ծրագրի պահանջները պահպանելու դեպքում ընկերությունը կստանա ընդհանուր 165 մլն դրամի աջակցություն։


«Լույսեր» ՓԲԸ-ն թողարկել, տեղաբաշխել և ցուցակել է 1,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 1 մլն ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 12 տոկոս արժեկտրոնային տոկոսադրույքով 1500 հատ պարտատոմսեր։



Ընկերության սեփականատերերն օգտվել են նաև Էկոնոմիկայի նախարարության տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում տրամադրվող լիզինգի աջակցության գործիքից։