Սև խավիար ոչ մի պատվիրակության հյուրասիրության ժամանակ չի օգտագործվել. Պարզաբանում՝ ԱԺ-ից

Այսօր մամուլում տեղ է գտել մի տեղեկություն, ըստ որի՝ Ազգային ժողովի կարիքների, պաշտոնական պատվիրակությունների ընդունելության, հյուրասիրության, ծառայությունների ձեռք բերման համար կնքվել են մի քանի պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 9 մլն դրամ։


«Պայմանագրերը կնքվել են Ազգային ժողովի և «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ», «Դը Փաբլիք», «Բլիզարդ», «Պաուլաներ» և «ՍԻՄՓԼ ԴԻԼ» ՍՊԸ-ների միջև։


Պայմանագրում առկա են ուշագրավ գնումներ. օրինակ՝ 20 գրամ սև ձկնկիթը՝ վերնագրված «պետության կարիքների համար»»,- նշված է հրապարակման մեջ: Հրապարակման մեջ նաև հետաքրքրվում են, թե որ պատվիրակության համար է օգտագործվել սև ձկնկիթը։


 

Այս առնչությամբ Civic.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱԺ   Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանից։


«ԱԺ-ն երբ ընկերության  հետ կնքում է պայմանագիր, այդ պայմանագիրը կնքվում է տվյալ ընկերության ամբողջ մենյուի համար։ Այսինքն՝ ամբողջ տեսականին, ինչն առկա է նրանց մոտ, այդ տեսականու համար կնքվում է պայմանագիր։  Բայց կոնկրետ սև խավիար ոչ մի պատվիրակության հյուրասիրության ժամանակ չի օգտագործվել»։


Նա նշեց, որ չեն կարող մենյուի միջից որոշակի ուտելիքներ հանել։

 

Լիլիթ Թադևոսյան