Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ՀՀ
ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր
վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր բնակավայրի Հ.
Թամրազյանի անվան դպրոցի աշխատակիցը դպրոցում ծեծի է ենթարկել 9/Բ դասարանում
սովորող 14-ամյա աշակերտին, որի հետևանքով երեխայի մարմնի վրա առաջացել են
կապտուկներ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նույն օրը
երեխան հրավիրվել է բաժին, որը կատարվածի վերաբերյալ մայրիկի և մանկավարժի
ներկայությամբ հայտնել է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Աչաջուր բնակավայրի
Հ. Թամրազյանի անվան դպրոցի 9/Բ դասարանում դասաժամի ընթացքում իր պայուսակում էլ.
ծխախոտի փոխարինիչ հայտնաբերելուց հետո նույն դպրոցի ուսուցիչ, Տավուշի մարզի
բնակիչ 70-ամյա Արմենակ Ա․-ն մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր
հատվածներին, որից հետո դուրս է բերել միջանցք, կրկին հարվածներ հասցրել, ապա տարել
է դպրոցի տնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Ստելլա Փ․-ի աշխատասենյակ և 2 անգամ
հարվածել մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Արմենակ Ա․-ն, որը դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենն
է, ձերբակալվել է, հաղորդման և կից փաստաթղթերի հետ միասին ներկայացվել ՈԵՀՀ քննչական
կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։