1996 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետությունում
կայացած տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից ի վեր նոյեմբերի
10-ը նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր:
ՏԻՄ օրվա 28 ամյակի կապակցությամբ
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը միջոցառում էր կազմակերպել,
որին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև
գործադիր իշխանության ներկայացուցիչներ, մարզպետեր, համայնքապետեր և Հայաստանում ԵՄ
դեսպանը։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը
նախ շնորհավորեց ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով հաջողություններ ու հաստատակամություն
իրենց կարևոր և պատվաբեր ու պատասխանատու գործում։ Սանոսյանը նշեց, որ համայնքների
կայուն զարգացումը կառավարության առաջնահերթություններից է, որի ուղղությամբ անընդհատ
աշխատանքներ են տարվում։
Նախարարը նկատեց նաև վարչատարածքային բարեփոխումների գրանցած
արդյունքները՝ ՏԻՄ-երի խոշորացումը, ինչը նպաստեց համայնքների զարգացման համար անհրաժեշտ
գործիքակազմերի ձևավորմանը, ֆինանսների միավորմանը և համամասնական ընտրակարգի ներդրմանը,
ինչի շնորհիվ ձևավորվեց քաղաքական մրցակցային
համակարգ, ու ձևավորվեց քաղաքական պատասխանատվության
ինստիտուտը։
Հանրապետության բոլոր բնակավայրերում
համաչափ և կայուն զարգացման նպատակով կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է սուբվենցիաների
տրամադրման գործընթացը։ Դրանց շրջանակներում համայնքներում կառուցվել և վերակառուցվել
են համայնքային փողոցներ, ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման, գազիֆիկացման, փողոցային
լուսավորության համակարգեր, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային և սպորտային կենտրոններ,
գույք և այլն։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
իրական ինքնակառավարման համար կարևոր նախապայման համարեց սեփական ռեսուրսների լիակատար
ինքնուրույնությունն ու ֆինանսական անկախությունը։ Քաղաքապետը կարևորեց սուբվենցիոն
ծրագրերի իրագործումը ու մատնանշեց հաջորդ քայլերը, որ պետք է արվեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր
ելույթում չնայած գոհունակություն արտահայտեց ՏԻՄ ոլորտում բարեփոխումների հետ կապված,
սակայն նկատեց, որ ոչ բոլոր հարցերի պատասխաններն են տրված։ Վարչապետը նշեց, որ չնայած
որոշակի քայլեր են արվել առաջացած ճեղքը լրացնելու ուղղությամբ, սակայն դա ոչ միայն
չի հաջողվել լցնել, այլև այն գնալով ավելի է խորացել, և այն շատ մեծ տեմպերով աճում
է։
Նիկոլ Փաշինյանը խոսեց ապակենտրոնացման
մասին. արձանագրեց, որ ՏԻՄ ընտրություններն այլևս անցկացվում են համամասնական ընտրակարգով,
ընտրությունները չեն կեղծվում, և քաղաքացիները ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո ընտրում
են իրենց համայնքապետին, ավագանուն։
Վարչապետը նկատեց նաև համայնք-պետություն-քաղաքացիներ
խզվածքը։
Վերջում մի շարք անվանակարգերում
որոշ համայնքներ խրախուսվեցին շնորհակալագրերով։
Լրագրողների հետ ճեպազրույցի
ընթացքում նախարար Սանոսյանն ասաց, որ կան մի քանի համայնքներ, որ միգուցե 2026 թվականին
միավորվեն։
Սանոսյանն ասաց, որ բացի սուբվենցիաներից,
վերջին տարիների ընթացքում անհամեմատ ավելացել է նաև համայնքներին տրվող դոտացիաների
չափը։ Այս տարի արդեն 20 մլրդ դրամ է հատկացրել կառավարությունը համայնքներին, ևս
2 և 5 մլրդ դրամ էլ առկա է տարածքային կառավարման
և ԿԳՄՍ նախարարությունների մոտ։ Եթե 27 մլրդ-ը չբավարարի՝ կլինեն վերաբաշխումներ, և
սուբվենցիոն ֆոնդը կավելացվի։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան