Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում։ 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։


Դադիդ Թավադյանը սովորել է աշխարհի առաջատար մի շարք համալսարաններում և Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել է համաձայն վարչապետի այն հայտարարության, որ աշխարհի 200 լավագույն համալսարաններում սովորած և ՀՀ կառավարության կադրային բանկում ընդգրկած անձինք կնշանակվեն բարձր պաշտոնների։ 


Ստորև՝ Դավիդ Թավադյանի կենսագրությունը.


Ծնվել է 1976 թվականի հուլիսի 8-ին՝ Երևանում, Հայաստանի Հանրապետություն։


1995-1998 թթ. սովորել է Կանադայի Մոնրեալ քաղաքում գտնվող Դոուսոն քոլեջում (Dawson College)՝ «Բիզնեսի կառավարում» մասնագիտությամբ՝ խորացված ուսումնասիրելով հաշվապահական հաշվառումը և հարկային գործը։ Ստացել է քոլեջի դիպլոմ։


1998-2001 թթ. սովորել է Մոնրեալի համալսարանի Բարձրագույն առևտրային հետազոտությունների բիզնես դպրոցում (L’École des Hautes Études Commerciales - HEC Montréal)։ Ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան՝ ֆինանսների մասնագիտացմամբ։


2002-2004 թթ. ուսումը շարունակել է Մոնրեալի համալսարանի Բարձրագույն առևտրային հետազոտությունների բիզնես դպրոցում (L’École des Hautes Études Commerciales - HEC Montréal)։ Ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան՝ միջազգային ֆինանսների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։


2006 թ. ԱՄՆ-ում գործող Ֆինանսական վերլուծաբանների ինստիտուտից (CFA Institute) ստացել է որակավորված ֆինանսական վերլուծաբանի (CFA Charterholder) մասնագիտական կարգավիճակ։


2019 թ. Քեմբրիջի համալսարանում (University of Cambridge) ավարտել է «Բիզնես վերլուծություն․ տվյալների հիման վրա որոշումների կայացում» (Business Analytics - Making Decisions Using Data) դասընթացը։


2019 թ. Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում (University of Oxford) ավարտել է «Բլոկչեյնի ռազմավարություն» ծրագիրը (Oxford Blockchain Strategy Programme)։


2001-2002 թթ. և 2003-2004 թթ. Կանադայի Մոնրեալ քաղաքում աշխատել է «Բի Սի Էյ Ռիսըրչ Գրուպ» (BCA Research Group) ընկերությունում՝ որպես հետազոտական վերլուծաբան։


2005-2007 թթ. Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում աշխատել է «Կոմերցբանկ Էյ Ջի» (Commerzbank AG) բանկում՝ որպես ներդրումային ռազմավար։


2007-2010 թթ. Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում աշխատել է «Կրեդի Ագրիկոլ կորպորատիվ և ներդրումային բանկ» (Crédit Agricole Corporate and Investment Bank) բանկում՝ որպես ածանցյալ ֆինանսական գործիքների ուղղության ղեկավար։


2010-2011 թթ. Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում աշխատել է «Սիթի կորպորատիվ և ներդրումային բանկ» (Citi Corporate and Investment Bank) բանկում՝ որպես ածանցյալ ֆինանսական գործիքների ուղղության ղեկավար։


2011-2013 թթ. Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում աշխատել է «Կոմերցբանկ Էյ Ջի» (Commerzbank AG) բանկում՝ որպես զարգացող շուկաների ուղղության ղեկավար։


2013-2015 թթ. Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում աշխատել է «Կոմերցբանկ Էյ Ջի» (Commerzbank AG) բանկում՝ որպես զարգացող շուկաների ուղղության ղեկավար։


Պատասխանատվության ոլորտներն ընդգրկել են բաժնային կապիտալի շուկաները (Equity Capital Markets), պարտքային կապիտալի շուկաները (Debt Capital Markets), միաձուլումներն ու ձեռքբերումները (Mergers & Acquisitions), ֆիքսված եկամտաբերությամբ ֆինանսական գործիքները (Fixed Income), արտարժույթները և ապրանքային շուկաները (Currencies & Commodities)։


Աշխարհագրական պատասխանատվության շրջանակն ընդգրկել է Լատինական Ամերիկան, Ասիան, Մերձավոր Արևելքը, Աֆրիկան և Արևելյան Եվրոպան։


2016–2022 թթ. Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում աշխատել է «Մեդկոն» (Medkon) բժշկական ընկերությունում՝ որպես կառավարող գործընկեր։


2019-2026 թթ. Երևանում աշխատել է «Կամերտուն» ՓԲԸ-ում (Kamertoon CJSC)՝ որպես կառավարող գործընկեր։


2026 թ. Երևանում աշխատել է «Ալյանս Սոլյուշնս» (Alliance Solutions) ընկերությունում՝ որպես գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ։


2020-2022 թթ. եղել է «Ապագա Հայկականը» (The FUTURE ARMENIAN) նախաձեռնության հիմնադիրներից մեկը և հասարակական հիմունքներով ղեկավարել է Futures Studio վերլուծական կենտրոնի աշխատանքները։


Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։