Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 13-ից 15-ը աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն: Այցի շրջանակներում նախագահը Ժնևում կմասնակցի «Կրան Մոնտանա» (CRANS MONTANA FORUM) ֆորումի բացման արարողությանը և հանդես կգա ելույթով:



Կռան Մոնտանա ֆորումը շվեյցարական միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1986թ. Ժան-Պասկալ Դելամուրազի (Շվեյցարիայի Համադաշնության 1989 և 1996թթ. նախագաh, պաշտպանության և էկոնոմիկայի նախկին նախարար), Ժան-Պոլ Կարտերոնի և Լիխտենշտեյնի արքայազնի կողմից:


Ֆորումի նպատակն է նպաստել տարբեր երկրների կազմակերպությունների, կառավարությունների և քաղաքական գործիչների միջև ուղիղ կապի հաստատմանը, ինչպես նաև ապահովել կայունության, արդարության և անվտանգության բարձր մակարդակ: Այն կարևորում է հատկապես միջազգային երկխոսության և համագործակցության զարգացումը:



Ընթացիկ տարվա բացառիկ նստաշրջանը նվիրված է «Անվտանգություն և միջազգային հարաբերություններ, տնտեսական զարգացում, գործարարություն և ներդրումներ» թեմային:



Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահի հանդիպումներն Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալայի, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի և բարձրաստիճան այլ գործընկերների հետ: