ՆԳ փոխնախարարը Չեն Մինի և Վան Ցզինտաոյի հետ քննարկել է իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

Նոյեմբերի 13-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինին և հասարակական անվտանգության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Ցզինտաոյին։


 

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Արամ Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու պետության միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով հատկապես իրավապահ ոլորտում արդյունավետ համագործակցությունը։

 


Ոստիկանության պետը նշել է երկու երկրի իրավապահ մարմինների համատեղ ձեռքբերումները, կարևորել փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրված ջանքերը։


 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Չեն Մինը նույնպես կարևորել է հայ-չինական 32-ամյա բարեկամական հարաբերությունները, ընդգծել հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքները։


 

Քննարկվել են համագործակցության ընդլայնման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։