Ամրապնդվում է համագործակցությունը Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ. ՆԳՆ

Նոյեմբերի 12-ին Հունգարիա կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Միխայիլ Շպինդելեգերի հետ։


Հանդիպմանը մասնակցել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայութան պետ Արմեն Ղազարյանը և Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։



Կարևորելով ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ Վահե Ղազարյանն այն շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։



Նախարարն ընդգծել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հարցում։



Վահե Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները, կարևորել այդ գործընթացում միջազգային գործընկերների, մասնավորապես, Եվրոպական միության դերը։ Նախարարը կարևոր ձեռքբերում է համարել ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։



Հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիոն քաղաքականության իրականացման, մասնավորապես, միգրացիոն հոսքերի կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման և այլ հարցեր։



Վահե Ղազարյանը Միխայիլ Շպինդելեգերին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ապաստան հայցողների համար նոր կենտրոնի բացման արարողությանը։



Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը: