Անասունների անցումները տեղի են ունեցել մինչև փշալարեր տեղադրելու պահը. Աբազյանը՝ Կիրանցի սահմանազատման մասին

Ազգային ժողովում երեկ խոսք եղավ այն մասին, որ Կիրանցի հատվածից անասունները սահմանը անցնում են: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 15-ի նիստին հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե չի հասկանում՝ ինչպե՛ս դա կարող է տեղի ունենալ, և արդյոք դա տեղի է ունեցել այն հատվածում, որտեղ սահմանը դեռ կահավորված չէ:


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց, որ սահմանազատումից հետո՝ մինչև սահմանի վերջնական կահավորում, փշալարերի անցկացում, նման մի քանի դեպք է եղել, և բոլոր դեպքերում խոշոր եղջերավոր անասունները վերադարձվել են, դեպքերը դրական լուծում են ստացել:


Այն, որ դեպքերը եղել են և դրական լուծում են ստացել, ըստ Փաշինյանի, պատասխան չէ, վարչապետին հետաքրքրեց, թե ինչպես կարող էր դա լինել: ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն արձագանքեց. «Կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են, վերջնական չենք ավարտել, իսկ այդ անասունների անցումները տեղի են ունեցել մինչև փշալարեր տեղադրելու պահը: Դրանից հետո որևէ դեպք չենք ունեցել»: