Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը:


Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ օրակարգում ներառված է եղել 2025 թ. Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող 25 մլն դրամ պետական աջակցության բաշխման հարցը: Զեկուցվել է, որ ստացված հայտերն ամփոփվել են և կազմվել է նախագիծ: Ծավալված քննարկման արդյունքում խորհրդի անդամները հաստատել են նախագիծը:


Հանդիպմանը քննարկվել է նաև ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի նոր տարածքի տրամադրման հարցը: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատուներին սեղմ ժամկետներում կազմակերպել նոր տարածք տեղափոխման հարցը:


Նիստում քննարկվել են նաև խորհրդի անդամների կողմից բարձրացված ընթացիկ այլ հարցեր, որոնց շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկությունները հարցերի լուծման ուղղությամբ:


 Արայիկ Հարությունյանը կարևորել է անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ ազգային փոքրամասնությունների ընթացիկ խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ: