Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը մասնակցող Հայաստանի թիմերում չեն ընդգրկվել ուժեղագույն մարզիկները, որոնք ժամկետային ծառայության մեջ են՝ Մալխաս Ամոյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանը, Վիգեն Նազարյանը, Գևորգ Թադևոսյանը, Մանվել Խնձրցյանը, Կնյազ Իբոյանը։ Նախօրեին մարզիկներ բարձրաձայնել են այս մասին՝ նշելով, որ չգիտեն պատճառը։
Այս առաջնությունն ունի հստակ կանոնակարգ, ընթացակարգեր, կանոններ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ առաջնությունն ունի հստակ ընթացակարգ ու կանոններ, որոնց պետք է խստորեն հետևել․ «Մեր թիմերը կազմված են դրանց խստիվ պահպանմամբ, և սա է պատճառը, որ ըմբիշները ներառնված չեն հավաքականի կազմում: Վերջին հաշվով, սա ԶՈւ-ի ֆիզիկական կարողությունների ցուցադրման և դրանց բարելավմանն ուղղված առաջնություններ են, ու կարծում եմ, պետք է ճիշտ ծառայեն այդ նպատակին:
Քանի որ հաղորդակցության գործընթացն անմիջականորեն ԿԳՄՍՆ-ն չի իրականացրել, այլ ՊՆ գործընկերները, ես շատ մանրամասներ չեմ կարող փոխանցել, իհարկե, հասկանում եմ մեր մարզիկներին, նրանց ցանկությունն է ամեն կերպ մասնակցել բոլոր այն մրցաշարերին, որոնք Հայաստանի մասնակցությունն են պահանջում, և դա շատ գնահատելի է, բայց ընթացակարգերն ու կանոններն ավելի կարևոր են: Մենք պետք է ապահովենք համապատասխան միջազգային ստանդարտի առաջնություն մեր երկրում և դա անելու ենք»,- ասաց նախարարը: