Խարդախները Telegram Premium-ի բաժանորդագրության տեսքով նվեր տալու անվան տակ կեղծ հղումներ են ուղարկում մարդկանց, որպեսզի նրանց գայթակղեն սեղմել իրենց ուղարկած հղումների վրա և անցնել ֆիշինգային ռեսուրսներ, որոնք առաջին հայացքից նման են մեսենջերի նույնականացման էջին: Այս մասին ռուսական RBK-ին հայտնել է «Կասպերսկի լաբորատորիա»-ի բովանդակության ավագ վերլուծաբան Օլգա Սվիստունովան:
«Մարդկանց կարող են խնդրել նույնականացում անցնել […] Սակայն եթե մարդն իր մեսենջերի օգտահաշվից կեղծ էջում մուտքագրի իր տվյալները՝ հեռախոսահամար, գաղտնաբառ և հաստատման կոդ, դրանք կանցնեն հարձակվողների տրամադրության տակ»,- նշել է փորձագետը։
Վերլուծաբանը հավելել է, որ կեղծ էջ տանող հղումը կարող է իրականին նման լինել և հարկավոր է այն համեմատել հաղորդագրության մեջ եղած սկզբնական հղման հետ: Եթե տվյալները չեն համընկնում, «արժե մտածել դրա մասին», խորհուրդ է տալիս փորձագետը։
Ավելի վաղ «Կասպերսկի»-ն զգուշացրել էր Telegram ալիքներում ֆինանսներին և թրեյդինգին վերաբերող տրոյական վիրուսի մասին։ Հաքերները Telegram-ի գրառումներին կցում են վնասակար ֆայլեր պարունակող (.lnk, .com և .cmd ընդլայնումներով) արխիվներ: Եթե օգտատերը բացում է այդ ֆայլերը, ապա սարք է ներբեռնվում վնասակար ծրագիր՝ DarkMe վիրուսը, որը թույլ է տալիս հեռակա կարգով կատարել հարձակվողների սերվերի հրամանները և գողանալ տվյալները:
NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ռուսաստանում խարդախներն սկսել են ծաղիկներ և այլ նվերներ պատվիրել հնարավոր զոհերի համար, որպեսզի հետագայում նրանցից գումար գողանան։ Սխեման գործում է հետևյալ կերպ․ խարդախները ծաղկեփունջ են պատվիրում հնարավոր զոհի համար։ Առաքիչը գալիս է, ներկայանում որպես ծաղիկների առաքման ծառայության աշխատակից, հանձնում ծաղկեփունջը և հեռանում՝ փոխարենը ոչինչ չպահանջելով։ Հնարավոր զոհը, սակայն, չի իմանում է, թե ով է ծաղիկներ ուղարկողը։
Սակայն, մոտ մեկ օր անց նրան զանգում են նույն առաքման ծառայությունից և տեղեկացնում, թե առաքումը սխալմամբ չի գրանցվել և հաշվետվության համար անպայման այն պետք է գրանցել և խնդրում են թելադրել իրենց հեռախոսին ստացած SMS հաղորդագրության թվերը։ Դրանից հետո խաբեբաները քաղաքավարի հրաժեշտ են տալիս, իսկ հետո փորձում են գումար գողանալ քարտից կամ նրա անունով վարկ ձևակերպել։