Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել է 26 ավտոմեքենա

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ճանապարհի մառախուղի և որոշ վարորդների ոչ ձմեռային անվադողերով ավտոմեքենա վարելու հետևանքով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում մոտ 1,5 կմ հատվածում բախվել են 26 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կան տուժածներ, որոնց կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում:  



Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի և Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:  



Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, նույն վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի և 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ:  



Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարը մոտ 1,5 կմ է և առաջացել է խցանում:



Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետը:  

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: