ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում արձագանքել է Թեհրանի այն պահանջներին, թե Իրանը պետք է փոխհատուցում ստանա վերջին հինգ ամսվա ռազմական հակամարտության ընթացքում կրած վնասների համար։
Թրամփը նշել է, որ Թեհրանի նման պահանջի մասին նախկին բանակցությունների կամ հանդիպումների ընթացքում երբևէ չի խոսվել, սակայն ինքը պատրաստվում է պատասխան պահանջ ներկայացնել։
«Տեսնում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները փոխհատուցում են պահանջում վերջին հինգ ամսվա ռազմական հակամարտության ընթացքում իրենց պատճառված վնասի համար, թեև դա երբեք չի հիշատակվել մեր բանակցություններից կամ հանդիպումներից և ոչ մեկում։ Բայց սա հետաքրքիր գաղափար է, քանի որ այժմ ես նույնպես Իրանից փոխհատուցում եմ պահանջում այն բոլոր մարդկանց համար, որոնց նրանք սպանել կամ ծանր վիրավորել են իրենց ճանապարհեզրային ռումբերով և բազմաթիվ հակամարտություններով, որոնցով իրենք հայտնի են՝ ի սկզբանե գեներալ Սոլեյմանիի գլխավորությամբ, ներառյալ USS Cole ռազմական նավի վրա սպանվածների ընտանիքները և մարտերում զոհված հազարավոր ուրիշների»,- գրել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ ղեկավարը հավելել է, որ փոխհատուցում պետք է վճարվի նաև վերջին 50 տարիների ընթացքում Իրանում սպանված հարյուր հազարավոր անմեղ ցուցարարների ընտանիքներին․ «Էլ չասած այն 52,000 մարդկանց մասին, ովքեր սպանվել են վերջին հինգ ամսում»։
Բացի այդ, Թրամփն ընդգծել է Թեհրանի պատասխանատվությունը Մերձավոր Արևելքի այլ երկրներում տեղի ունեցած իրադարձությունների համար․ «Իրանի հետ բանակցությունների առնչությամբ՝ Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանի, Սիրիայի, Եմենի և Գազայի ժողովրդին պատճառված վնասների և մահերի համար»։
«Ես հանձնարարել եմ իմ ներկայացուցիչներին սա հաստատակամորեն ներառել ցանկացած և բոլոր ապագա բանակցություններում»,- եզրափակել է Դոնալդ Թրամփը։