Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինային ՌԴ տարածքին հրթիռային հարվածներ հասցնելու թույլտվություն տալու ԱՄՆ-ի որոշումն ավելի կբորբոքի հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինային ՌԴ տարածքի խորքեր հարվածներ հասցնելը թույլատրելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումն ավելի է բորբոքելու ռուս-ուկրաինական հակամարտությունը։ 


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: 


Էրդողանը նշել է, որ Թուրքիան հավանություն չի տալիս և ճիշտ չի համարում ԱՄՆ վարչակազմի՝ Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար Ուկրաինային մարտավարական հրթիռային համակարգեր օգտագործելու թույլտվություն տրամադրելու որոշումը:  


«Բայդենն արել է մի քայլ, որը կարելի է համարել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև պատերազմի հետագա հրահրման նպատակ՝ նպաստելով, որ այն երբեք չավարտվի և նույնիսկ ընդլայնվի», - ասել է Էրդողանը։ 


Նրա խոսքով՝ այս որոշումը կարող է տարածաշրջանը և ողջ աշխարհը հասցնել մեծ պատերազմի շեմին։  


«Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքին ապավինելով՝ ոչնչի չեք հասնի»,- նշել է նա։


Ըստ Էրդողանի՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև պատերազմի հետ կապված ամենափոքր սխալը նման է կրակը վառոդի տակառի մեջ նետելուն: 


«Բոլորին խորհուրդ եմ տալիս զգույշ լինել»,- ընդգծել է նա։