Ճնշումները մեծ են, որպեսզի Լիբանանում հրադադար հաստատվի․ ինչ վիճակ է հայ համայնքում

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանի հետ զրուցել ենք այս պահին Լիբանանում տիրող իրավիճակի և հնարավոր զինադադարի վերաբերյալ։

 

Նա նշեց, որ ներկա պահին ռմբակոծումներն ու հարձակումները շարունակվում են Բեյրութի հարավային արվարձանների վրա, բայց զուգահեռ նաև հարավային հատվածում ցամաքային բախումները  նույնպես շարունակվում են՝ հակառակ նրան, որ հրադադարի մասին շատ է խոսվում, դիվանագիտությունն աշխուժացել է, որ հրադադարի շուրջ համաձայնություն լինի, բայց մինչև այս պահը ռմբակոծությունները շարունակվում են։

 

Նա նշեց, որ առավոտյան ժամերին համեմատաբար հանգիստ էր, բայց վերջին ժամերին ռմբակոծությունները վերսկսվեցին։

 

Հարցին, թե որքանով է Լիբանանում հնարավոր համարում զինադադարի կնքումը, միջազգայնագետն ասաց․«Լրատվությունը, տեղեկությունները և որոշակի առումով պաշտոնական հայտարարությունները խոսում են այն մասին, որ կողմերը մոտ են հրադադարի շուրջ համաձայնելու, բայց այս բանակցությունները միջնորդավորված են և հիմնականում ԱՄՆ-ի պատվիրակն է՝ Հոկշտայնը, որ վարում է բանակցությունները և միջնորդում։ Պաշտոնական Բեյրութն իր հավանությունն է տվել Ամերիկյան նախագծին, որի հիմքը ՄԱԿ-ի թիվ 1701բանաձևն է՝ իհարկե նորացված պայմաններով։ Այդ պայմաններից գլխավորն այն է, որ գործելու է միջազգային հանձնաժողով, որը պիտի վերահսկի այս ընդհանուր հրադադարը և նաև երաշխավորի, որ հրադադարի խախտում չլինի կամ հարձակումներ չլինեն երկկողմանիորեն։ Բայց Թել Ավիվն ավելի է խստացնում, կոշտացնում իր պայմանները»,- նշեց միջազգայնագետը։

 

Նա նաև դեմ է, որ Ֆրանսիան ներգրավվի՝ հիշեցնելով, որ վերջերս Ֆրանսիայի և Իսրայելի հարաբերությունները լարվել էին, պահանջում է Հեզբոլլահի ամբողջական համակարգի և ենթակառուցվածքների կազմաքանդումը և միջազգային ընտանիքից թույլտվություն է պահանջում, այսինքն՝ փորձում է լեգիտիմացնել ցանկացած պահին լիբանանյան տարածքների վրա ռազմական գործողություններ իրականացնելը, հենց նկատի որ Հեզբոլլահը սպառազինվում է կամ Հեզբոլլահից իր դեմ վտանգ է սպառնում։

 

Մանրամասները՝ ձայնագրությունում

Լիլիթ Թադևոսյան