Գաղափարը հետևյալն է. Գյումրիում կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար այն մարդը, որը կլինի համախոհության մեր պատկերացումների շրջանակում, բայց միևնույն ժամանակ այդ մարդը պետք է անցնի այդ ընտրական փուլով, նաև լինի գյումրեցիների նախընտրելին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
Պապոյանի խոսքով՝ Գյումրիում մի իրավիճակ է առաջացել, որ ստիպված են նորից նշանակել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ընդ որում, դեռ պիտի մի այլ օրենսդրական փոփոխություն էլ արվի, որովհետև այդ հնարավորությունն էլ չկա:
Պապոյանը չի կարծում, որ այս քայլով ՔՊ-ն փորձում է խուսափել արտահերթ ընտրություններից. «Ոչ, դա չի նշանակում։ Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն գյումրեցիների և համայնքի նկատմամբ, և ստեղծված իրավիճակում գյումրեցիները պետք է նորից գնան ընտրական տեղամաս և ընտրեն հաջորդ հինգ տարիների համար իրենց ավագանին և իրենց համայնքի ղեկավարին»: