Ցեմենտի ներմուծումը ՀՀ կսահմանափակվի ևս 6 ամիս

Եվս 6 ամսով` 2025 թվականի հունվարի 20–ից մինչև 2025 թ. հուլիսի 20–ը, կսահմանափակվի ցեմենտի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։


Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է 3–րդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:


Կառավարությունից տեղեկացրել են նաև, որ 2024 թ. հունվար–հուլիսին աճել է ցեմենտի ներմուծումը` կազմելով 305.1 հազար տոննա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ աճելով 3.6 անգամ։ Դա բացատրվում է մաքսային սահմանին իրանական ցեմենտի գնի նվազմամբ, որն իր հերթին հետևանք է Իրանի կողմից ցեմենտ արտադրողներին պետական աջակցության տրամադրմամբ։


Արդյունքում նվազել է տեղական ցեմենտի արտադրությունը. 2024 թ. 1–ին կիսամյակում այն կազմել է 485.9 հազար տոննա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 31.6 %–ով անկում:


Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ 6 ամիս սահմանափակում սահմանելով` տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։


Հավելենք, որ ցեմենտի ներմուծումը սահմանափակող կարգավորումը գործում է 2023թ–ից, այն պարբերաբար երկարացվում է։