ՀՀ ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքական երկխոսության խորացման վերաբերյալ

Նոյեմբերի 28-ին Հելսինկի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նախագահ Յուսսի Հալլա-ահոյի հետ։


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի և հեռանկարների շուրջ՝ շեշտելով գործընթացում ակտիվ միջխորհրդարանական կապերի կարևորությունը։


Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահն ընդգծել են նաև ԵՄ ու փոխադարձ հետաքրքություն ներկայացնող այլ ձևաչափերով փոխգործակցության հարցում հետաքրքրությունը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների, դիմակայության ամրապնդման ու կայուն զարգացման նպատակների վրա։


«Մենք տեսնում ենք լայն հնարավորություններ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությանը համահունչ կառուցելու համագործակցության հավակնոտ օրակարգ, որը կներառի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները, ինչպես նաև ԵՄ գործիքները»,- նշել է նախարար Միրզոյանը։


Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և առկա մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Որպես խաղաղության օրակարգի կարևոր բաղադրիչ՝ նախարար Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկի» ծրագրին, դրա կյանքի կոչման ուղղությամբ ընթացիկ քննարկումներին։


Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը գրառում է կատարել խորհրդարանի պատվավոր հյուրերի մատյանում։