Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում. ողջունելով Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին Ազգային ժողովում՝ ասել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը:
«Մենք հատկապես կարևորում ենք մեր պետությունների խորհրդարանների միջև համագործակցության զարգացումը` հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 2-ին ստորագրված Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության ու համագործակցության պայմանագրի դրույթների վրա»,- ասել է ՝ հավելելով, որ անհրաժեշտություն կա մշակել միջխորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքների հստակ ալգորիթմ՝ տարբեր հարթակներում համագործակցելու համար:
Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Նարեկ Բաբայանը, Դավիթ Դանիելյանը, Միքայել Թումասյանը և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն ու Իրինա Գասպարյանը:
«Մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միության տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմամբ և Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմամբ»,- նշել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավարը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է սերտ գործընկերություն զարգացնել Ղազախստանի հետ բոլոր հնարավոր ոլորտներում: Նա փաստել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրաշրջանառության բավականին բարձր ցուցանիշ է արձանագրվել՝ շեշտելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ղազախստանն ունեն խոստումնալից նախագծեր, որոնք կարող են փոխշահավետ լինել:
Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովը տեղեկացրել է, որ սա իրենց առաջին այցն է Հայաստան և ընդգծել, որ երկու երկրների միջև բոլոր մակարդակներում ծավալվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորացել է առևտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը մշակութային և հումանիտար ոլորտներում:
Խոսելով Ղազախստանում ապրող և ստեղծագործող հայ համայնքի մասին՝ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ երկու ազգերի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և վաղեմի ավանդույթների վրա:
Մշակութային, գիտակրթական համագործակցության շրջանակում բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է ղազախ հեղինակների հայերեն աշխատությունների հրատարակմանը, ԵՊՀ-ում Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնի գործունեությանը: Նա համոզմունք է հայտնել, որ Ղազախստանի ազգային ակադեմիական գրադարանում հայ մշակույթի, լեզվի, գրականության և պատմության կենտրոնի բացումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների փոխգործակցության մշակութային և հումանիտար ասպեկտների վրա:
Մուկաշ Իսկանդիրովը եւս փաստել է, որ հայկական համայնքն իր ուրույն տեղն ու դերակատարումն ունի Ղազախստանում:
Բարեկամական խմբի անդամները մեկ անգամ եւս ընդգծել են երկու երկրների հարաբերություններում օրենսդիր մարմինների կարևորագույն դերը և ակտիվ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել: