Այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական հերթական նիստը։ Դատարանում ընթանում է փաստաթղթերի ուսումնասիրման փուլը։
Հիշեցնենք, որ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Մասնավորապես, Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Բացի դրանից, 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Արդյունքում 2008-2015թթ. ընթացքում Հովսեփյանը պայմանավորվածություն է ձեռք բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ, և ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ ՀՀ դրամի անվադողեր:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված ևս երկու ընկերությունների կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը:
Վերը նշված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 788 մլն ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով Աղվան Հովսեփյանը նշված գումարով 2009-2015թթ. վերանորոգել և կառուցել է առանձնատուն, որի պատկանելությունը թաքցնելու համար նախ այն հաշվառել է որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ, այնուհետև՝ 2015թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի ձևական պայմանագրով, Նարեկ Հովսեփյանը ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ արժեք ունեցող վերոհիշյալ առանձնատունը 90 մլն ՀՀ դրամով իբր վաճառել է մորը՝ Աստղիկ Հովսեփյանին: Այդ կերպ Աղվան Հովսեփյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված 788 մլն ՀՀ դրամը:
Քրեական գործով հիմնավորվել է նաև, որ Աղվան Հովսեփյանը ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու արդյունքում ստացված ևս 55 մլն ՀՀ դրամով 2009-2011թթ. ընթացքում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում վերանորոգել է բնակարաններ, գնել ավտոտնակ, որոնց պատկանելությունը թաքցնելու և անօրինական ծագումը խեղաթյուրելու նպատակով դրանք գրանցել է այլ անձանց անուններով՝ այդպիսով օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ գումարը:
Բացի դրանից, Աղվան Հովսեփյանը, մտադրվելով իրեն պատկանող առանձնատան հարակից տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում կառուցել և շահագործել փոքր ՀԷԿ, 2010թ. հոկտեմբերին իր մտերիմ, նույն համայնքի նախկին ղեկավար Հ. Ա.-ին համոզելու եղանակով դրդել է ձևական աճուրդի կազմակերմամբ ապահովել 27.796 հա ընդհանուր մակերեսով 10 հողատարածքների սեփականության իրավունքով վաճառքը որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ: Նշված եղանակով Աղվան Հովսեփյանն օրինականացրել է ավելի քան 5 մլն ՀՀ դրամ արժողությամբ 27.796 հա մակերեսով հողամասերը:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Աղվան Հովսեփյանը, նախկին «Երևան հեռուստաընկերություն» ՓԲԸ սեփականատեր Վ. Ղ.-ից տեղեկացված լինելով նրա շահերին առնչվող քրեական գործերի առկայության մասին, ծառայության գծով հովանավորչության համար 2011թ. ընթացքում նրանից որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ վերը նշված ընկերության շուրջ 206 մլն ՀՀ դրամ արժողությամբ 50 հատ բաժնետոմսերը, որոնք ստացել է նույն թվականի փետրվարի 14-ին կնքված պայմանագրով իր որդուն՝ Արմեն Հովսեփյանին նվիրաբերելու եղանակով:
Այնուհետև Աղվան Հովսեփյանը, անօրինական ճանապարհով ստացված բաժնետոմսերի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով հորդորել է Վ. Ղ.-ին հիշյալ բաժնետոմսերը ընկերության մյուս 50 բաժնետոմսերի հետ վաճառել մեկ այլ ընկերության:
Բաժնետոմսերի վաճառքից ստացված՝ Աղվան Հովսեփյանի մասնաբաժինը կազմող գումարի մի մասը փոխանցվել է որդու անվամբ բացված հաշվեհամարին և այն ձևակերպվել որպես ավանդ, որի տոկոսային եկամուտը 2014-2017 թթ. ընդհանուր կազմել է ավելի քան 31 մլն ՀՀ դրամ: Արդյունքում Աղվան Հովսեփյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 237 մլն ՀՀ դրամը:
Դատական նիստի ընթացքում փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում դատավորը ընթերցեց Աղվան Հովսեփյանի ցուցմունքը։
Աղվան Հովսեփյանը իր ցուցմունքում պնդում է, որ նախկին «Երևան» հեռուստաընկերության 30 տոկոսը պատկանել է Սամվել Ալեքսանյանին, որը Ալեքսանյանը հանձին իրեն նվիրաբերել է «Ապարան» հայրենակցական միությանը։
Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ մինչդատական վարույթում քրեական գործերի շրջանակներում պաշտպանության կողմը և քրեական հետապնդման մարմինները գտնվում են անհավասար պայմաններում, քանի որ պաշտպանական կողմը զրկված է հետաքննություն իրականացնելու, ապացուցողական բազա հավաքելու հնարավորությունից, պրակտիկ աշխատանքներում դատարաններում պաշտպանության կողմը ապացուցման գործընթացում ավելի լայն հնարավորություն է ստանում, քան մինչդատական վարույթում, նաև դատարանում առկա է անկախ արբիտր։ Ըստ Ալեքսանյանի՝ գործում առկա լազերային սկավառակները օբյեկտիվորեն չեն հանդիսանում ապացույցի տեսակ, սակայն վարույթն իրականացնող մարմինը, այլ գործիքակազմ իրականացնելով, այդ փաստական տվյալին տալիս է ապացուցողական նշանակություն։
Այսպիսով, ըստ պաշտպանի՝ կողմերի միջև առաջանում են անհավասար մրցակցային պայմաններ, քանի որ պաշտպանական կողմը այդ սկավառակներին ապացուցողական նշանակություն տալու իրավասություն չունի, ինչից օգտվում է մեղադրող կողմը։
Նիստի ավարտից հետո Աղվան Հովսեփյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։ Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ դատախազության կողմից ներկայացված ապացույցների մասին իրենց կարծիքը հանգամանալից կերպով կհայտնեն դատական նիստերի ընթացքում։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան