ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են եղել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։ 


Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ գործընկերությունների զարգացման միջոցով ընձեռվող հնարավորություններին և միջազգային կառույցների հետ համագործակցության հեռանկարներին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները և այս ուղղությամբ համախոհ գործընկերների հետ ակտիվ փոխգործակցությունը։


Զրուցակիցներին հատկապես հետաքրքրել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման դինամիկան, նոր օրակարգի մշակման շուրջ քննարկումները, ինչպես նաև հասարակության շրջանում տրամադրություններն առկա հեռանկարների շուրջ։ 


Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին, ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ-ի կողմից հստակ արտահայտված քաղաքական կամքը։


Նախարար Միրզոյանը նշել է. «Հայաստանը գտնվում է յուրովի խաչմերուկում, որի ներուժն առավելագույնս օգտագործելու նպատակով մեր կառավարությունն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը՝ միտված տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը»: 

ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի։