Լուրջ վիճակ է Հալեպում, մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում. Սինանյան

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բոլոր հնարավոր միջոցներով կապ է պահպանում Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ վերջին ռազմական լարվածության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ տեղեկություններ ստանալու և, ըստ այդմ, հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար:


«Արմենպրես»-ի հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մանրամասնել է, որ, չնայած կապի միջոցները վատ են գործում, սակայն բոլոր հնարավոր ձևերով փորձում են կապը պահել:


Նրա խոսքով՝ վերջին ռազմական լարման հետևանքով լուրջ իրավիճակ է ստեղծվել Հալեպում, որտեղ մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում:


Ըստ Սինանյանի՝  հալեպահայերը գերադասում են մնալ տներում և չեն կարող դուրս գալ քաղաքից, ուստի տարհանման հնարավորությունն առայժմ բացակայում է:


Շարունակվող ռազմագործողությունների հետևանքով անհանգիստ իրավիճակ է ստեղծվել Քեսաբում, Դամասկոսում, հատկապես որ, ինչպես նշեց Սինանյանը, Սիրիայի կառավարական զորքերին չի հաջողվել կասեցնել զինյալների առաջխաղացումը:


Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գնահատմամբ՝ համեմատաբար հանգիստ է  իրավիճակը Լաթաքիայում:


Այդուհանդերձ, այն քաղաքներում, որտեղ իրավիճակը համեմատաբար հանգիստ է,տեղի հայերն անհանգստացած են ռազմագործողությունների թատերաբեմում հայտնված բնակավայրերում գտնվող իրենց հարազատների համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։