Գյումրու տոնածառի գնման եւ զարդարման աշխատանքներով զբաղվելու է Շիրակի մարզպետի աշխատակազմը

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Շիրակի մարզպետը որոշում է կայացրել Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման եւ զարդարման, ինչպես նաեւ ամանորյա դեկորների նորերով փոխարինման եւ վերանորոգման աշխատանքները մեկ անձից գնման ձեւով իրականացնելու վերաբերյալ։


Ըստ որոշման՝ «Բալասանյան դաշինքի», համայնքապետի, վերջինիս տեղակալների հրաժարականի եւ ավագանու նիստեր չկայանալու հետեւանքով Գյումրու համայնքապետարանը հայտնվել է արտակարգ եւ չնախատեսված իրավիճակում։


ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի հանձնարարականով Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման եւ զարդարման, ինչպես նաեւ ամանորյա դեկորների նորերով փոխարինման եւ վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով։


«Քանի որ մոտենում են ամանորյա տոները, եւ չնախատեսված իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ, չնախատեսված իրավիճակից ելնելով, գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման եւ զարդարման, ինչպես նաեւ ամանորյա դեկորները նորով փոխարինման եւ վերանորոգման աշխատանքները իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթը»,-հրապարակված է մարզպետի որոշման մեջ։


Ինչպես հրապարակված է որոշման մեջ, այդ աշխատանքների կատարման համար հրավեր է տրամադրվելու միայն գնման հայտում նշված անձին՝ հնարավոր մասնակցին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 21-րդ կետի 1-ին մասի դ ենթակետի դրույթը։


Ավելի վաղ հրապարակել էինք, որ Գյումրի համայնքի ավագանին սեպտեմբերի 10-ին միաձայն՝ 26 կողմ քվեարկության արդյունքում որոշել էր համայնքի բյուջեից hատկացնել 75 մլն դրամ, որից 68 միլիոնը հատկացվելու էր Վարդանանց հրապարակում տեղադրվող արհեստական եղեւնու ճյուղերից պատրաստված 25-30 մետր բարձրությամբ ամանորյա նոր տոնածառի եւ նոր զարդարանքների ձեռք բերման համար, իսկ 7 միլիոնը համայնքին պատկանող հին զարդարանքների վերանորոգման նպատակով։ Այս աշխատանքների իրականացման համար, սակայն, դեռեւս գնման մրցույթ- հայտարարություն չէր հրապարակվել։