Կառավարության՝ դեկտեմբերի 5-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի մասով որոշման նախագիծը, համաձայն որի՝ 2024 թվականի պետբյուջեից համաֆինանսավորման նպատակով ՀՀ մարզպետների աշխատակազմերին ընդհանուր 3 մլրդ 845 մլն 273 հազար դրամ կհատկացվի:
«Սույն նախագիծն առաջարկվում է՝ ֆինանսավորելու 30 համայնքի ընդհանուր 50 ծրագիր»,- ասաց նախարարը և հավելեց, որ այս որոշման արդյունքում կստացվի, որ պետական համաֆինանսավորման ծրագրի պետական մասը ֆինանսավորելու համար պետբյուջեից հատկացվում է ընդհանուր 25,8 մլրդ դրամ:
Նախարարը թվարկեց նաև գումարի բաշխվածությունն ըստ մարզերի: Ըստ այդմ՝ Արարատի մարզ՝ 336,6 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 395,7 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 1 մլրդ 174 մլն դրամ, Լոռու մարզ՝ 167,9 մլն դրամ, Կոտայքի մարզ՝ 699,3 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 169,6 մլն դրամ, Սյունիքի մարզ՝ 690 մլն դրամ, Տավուշի մարզ՝ 211,2 մլն դրամ: