Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո, որը Կրեմլի ամենամեծ դաշնակիցն էր Մերձավոր Արևելքում, ռուսական պետական լրատվամիջոցները փորձեցին նսեմացնել տեղի ունեցածի նշանակությունը Մոսկվայի համար՝ հայտարարելով, որ Ուկրաինայի պատերազմն է առաջնահերթություն: Միևնույն ժամանակ, գրում է The Times-ը, Կրեմլի ոչ բոլոր կողմնակիցներն են ընդունել այդ տեսակետը, և ոմանք արդեն կատարվածն անվանում են «Ռուսաստանի հսկայական աշխարհաքաղաքական պարտություն»։
Վերլուծաբանների կարծիքով՝ «Պուտինի մոլուցքը Ուկրաինայի պատերազմով հանգեցրել
է այլ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների վրա Ռուսաստանի ազդեցության հնարավորության
նվազման, այդ թվում՝ Սիրիայում Կրեմլի ռազմական-ռազմավարական հնարավորությունների
թուլացման»:
«Ռուսաստանը Սիրիայում ներկա է դեռ խորհրդային ժամանակներից։ Իսկ Պուտինը երկու շաբաթվա ընթացքում փչացրեց ամեն ինչ: Եվ հանուն ինչի՞. գրավելու համար ևս մեկ գյո՞ւղ Ուկրաինայում»,- նշել է մոսկովյան լրագրողներից մեկը։.
«Ռազմավարությունների և
տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի»
մոսկովյան վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուսլան Պուխովը նշում է, որ Մոսկվան
ներկայումս չունի բավարար ռազմական ուժ, ռեսուրսներ, ազդեցություն և հեղինակություն
նախկին Խորհրդային Միության սահմաններից դուրս արդյունավետ ռազմական միջամտության
համար:
«Քո ուժի և հնարավորությունների մասին կարող ես բլեֆ անել
համաշխարհային հարթակում, բայց կարևոր է չսկսես հավատալ սեփական բլեֆիդ»,- ասել է
նա:
Միևնույն ժամանակ, գրում է The Times-ը, կա տարբերակ, որ Սիրիան Պուտինի համար
կարևոր էր, որովհետև թույլ էր տալիս իրեն մարտահրավեր նետել Արևմուտքին և
փորձարկել նոր զենքեր, ինչը նա այժմ կարող է անել Ուկրաինայում շատ ավելի մեծ
մասշտաբով։ Մտահոգություններ կան նաև, որ եթե Ռուսաստանն ամբողջությամբ դուրս բերի
իր զորքերը Սիրիայից, ապա դրանք կվերաբաշխի Դոնբասի մարտադաշտերում:
Հարկ է նշել, որ Ռուսաստանի ձախողումը Սիրիայում տեղի է ունենում այլ
երկրներում նրա ազդեցության թուլացման ֆոնին։