ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարբերաբար
ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններում բռնության դեպքերի վերաբերյալ։
Նման ահազանգերից մեկն առաջին դասարանում դասվարի կողմից երեխայի
նկատմամբ ծեծի դեպքն էր, ինչի ահազանգը ստանալուն պես նախարարությունը դիմել է Կրթության
տեսչական մարմին, Ոստիկանություն և Դատախազություն։ Ձեռնարկված քայլերի արդյունքում
ուսուցիչն ազատվել է աշխատանքից։ Առաջիկայում ԿԳՄՍ նախարարությունը նաև պատրաստվում
է հայց ներկայացնել՝ նշված ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից
զրկելու վերաբերյալ։
«Հարկ ենք համարում նշել, որ նմանատիպ իրավիճակներն անթույլատրելի
են, և այդ պարագայում նախարարությունը հետևողականորեն նման մանկավարժներին հետագա մանկավարժական
գործունեության իրավունքից զրկելու հայցերով դիմելու է դատարան։
Նախարարությանն ուղղված դիմումները վկայում են այն մասին, որ բռնության
դեպքերն առկա են ինչպես երեխաների միջև, այնպես էլ ուսուցիչ-սովորող փոխհարաբերություններում,
որի մասին հաճախ տեղեկացված են լինում ուսումնական հաստատության բոլոր կամ գրեթե բոլոր
աշխատակիցները, սովորողները և ծնողական համայնքի ներկայացուցիչները: Բռնության մասին
իմացությունն ու դրա դեմ քայլեր չձեռնարկելու վարքագիծն առաջ են բերում բռնության հանդեպ
անթույլատրելի հանդուրժողականություն, որից առաջին հերթին տուժում են երեխաները և կրթության
որակը։
Հարկ է ընդգծել, որ նույնքան անհանդուրժելի է հնարավոր բռնությունը
ուսուցիչների նկատմամբ՝ հատկապես ծնողների կողմից անհարգալից վերաբերմունքի պարագայում։
Նախարարությունը նաև օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակում՝ երեխայի կրթության
իրավունքի ապահովման առումով ծնողների պարտավորություններն առավել հստակեցնելու և այդ
հարցերում հետևողական չլինելու պարագայում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով։
Ուսումնական հաստատությունը պետք է սովորողների համար հանդիսանա
ապահով և անվտանգ միջավայր, ուստի հորդորում ենք զերծ մնալ բռնության ցանկացած տեսակի
դրսևորումից, նման դրսևորումների դեպքում անպայման բարձրաձայնել համապատասխան մարմիններին,
համատեղ ջանքերով դպրոցում ապահովել դրական հաղորդակցության և հարաբերությունների մթնոլորտ»,-ասվում
է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունում: