Ինձ 40 անգամ դոպինգ-թեստի են ուղարկել. Կարեն Խաչանով

Աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովին հարցրել են թենիսում դոպինգ թեստերի հաճախականության մասին: Դոպինգի թեման ակտուալ է դարձել իտալացի Յանիկ Սիների ու լեհ Իգա Շվյոնտեկի ձախողված թեստերից հետո:


«Հիմա ավելի հաճախ են թեստավորում մարզիկներին: 1-2 տարի առաջ ինձ ստուգեցին հնարավոր ամենաշատ անգամ: Մոտավորապես 40 դոպինգ-թեստ եմ անցել: Այդ ամենն ինձ խիստ նյարդայնացնում էր, որովհետև ստուգումները գրեթե ամեն շաբաթ էին: Կարող էին նույնիսկ մեկ մրցաշարում մի քանի անգամ թեստի ուղարկել: Բայց ժամանակի հետ սովորել եմ դրան, այն դարձել է մասնագիտության մի մասը»,- Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստի խոսքը մեջբերում է ТАСС-ը:


Խաչանովը, մյուս թենիսիստների պես, դեկտեմբերին արձակուրդում է: Կարենը նոր մրցաշրջանը կսկսի Հոնգ Կոնգում, որտեղ ATP 250 կարգի մրցաշարը կմեկնարկի դեկտեմբերի 30-ից: