ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է. «Ապօրինի կերպով ձեռք բերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ: Առաջիկայում #հատիկառհատիկ հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ»։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը
թեմային անդրադառնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության ֆոնին
առ այն, որ Սրբուհի Գալյանին ԱՄՆ պետքարտուղարությունը ճանաչել է աշխարհում կոռուպցիայի
դեմ պայքարի առաջամարտիկների շարքում, այն աշխատանքի համար, որ Գալյանը Գլխավոր դատախազի
տեղակալի պաշտոնում իրականացրել է հենց ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի առնչությամբ:
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։ «Ըստ էության «Ապօրինի գույքի բռնագանձման մասին»
օրենքը այն հիմնական նորամուծությունն էր, որը հեղափոխությունից հետո կատարվեց Հայաստանում
սեփականության լեգիտիմության վերականգնման և սոցիալական արդարության վերականգնման ուղղությամբ,
որովհետև ՀՀ-ում սեփականատիրական հարաբերություններն այնպես էին ձևախեղվել համակարգային
կոռուպցիայի հետևանքով, որ փաստորեն սեփականության մի շատ էական զանգված ընդհանրապես
դուրս էր օրինականությունից։ Եվ ժողովրդի պահանջն էր, որ արդարության հաստատման ուղղությամբ նախևառաջ կատարվի
սեփականության լեգիտիմ վերաբաշխում։ Այսինքն՝ դա ոչ թե տեղի ունենա անօրինական մեթոդներով,
այլ սահմանադրական և օրինական գործընթացների արդյունքում ապօրինի հարստացածները հանրությանը
վերադարձնեն գողացածը և հափշտակածը»,- ասաց Արտաշես Խալաթյանը։
Եվ այդ առումով, բնականաբար,
ավանդական իրավական միջոցները չէին կարող բավարար լինել, և այդ օրենքի ընդունումն ու
դրա կիրարկումը, ըստ էության, թերևս ամենակարևոր ինստիտուցիոնալ նորությունն էին, որը
ներմուծվեց Հայաստանի իրավական համակարգ։ Եվ իհարկե այս առումով դժվար է թերագնահատել
Գլխավոր դատախազությունում համապատասխան ստորաբաժանման ստեղծումը, որի համակարգողն
էր դատախազի այն ժամանակվա տեղակալ Սրբուհի Գալյանը։
«Եվ պետք է նշել, որ դատախազության
կողմից 2,5-3 միլիարդ դոլարի հասնող հայցագնի չափով հարյուրավոր հայցեր են ներկայացվել
դատարան։ Այսինքն՝ դատախազությունն իր բաժին
գործը կարծես թե բավականին արդյունավետ է կատարել,
և այսօր այդ գործերն արդեն դատական քննության փուլում են։ Ուստի ես կարող եմ շատ արդյունավետ
գնահատել հենց Գլխավոր դատախազության այդ ստորաբաժանման աշխատանքը՝ բնականաբար Սրբուհի
Գալյանի գլխավորությամբ։ Եվ ես համարում եմ, որ այս մրցանակը Սրբուհի Գալյանը լիուլի
վաստակել է։ Իսկ վարչապետի հայտարարության համընկնման մասին չեմ կարող հստակ ասել,
բայց թերևս կա խնդիր արդիականացնելու անօրինական սեփականության վերաբաշխման, հափշտակածը
ժողովրդին վերադարձնելու հարց, և դա նաև պետք է համարել որոշակի ազդակ այդ գործընթացներն ակտիվացնելու ուղղությամբ»,-ասաց
իրավագետը։
Նրա խոսքով՝ այսօր մենք մի իրավիճակում
ենք, երբ շուրջ 3 միլիարդ դոլարի ընդհանուր հայցագնով հայցեր են ներկայացվել Հակակոռուպցիոն
դատարան, բայց վճիռները բավականին փոքր թիվ են կազմել, հետևաբար ապօրինի սեփականության
վերադարձման ծավալները ներկայացված հայցադիմումների ընդհանուր ծավալների համեմատությամբ
բավականին փոքր են, և դա իհարկե չի կարող գոհացուցիչ համարվել։
«Այո, մենք ունենք բավականին
արդյունավետ աշխատանք այդ գործերի նախնական
ուսումնասիրության փուլում՝ դատարան հայց ներկայացնելու առումով, բայց դեռևս դատական
գործընթացները բավարար արագությամբ չեն ընթանում, և այստեղ իհարկե մենք խնդիր ունենք»,-
նշեց իրավագետը։
Լիլիթ Թադևոսյան