Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշները (նստավայրը՝ Թբիլիսի):
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի և ավելի բարձր մակարդակի կհասցնի մեր համագործակցությունը:
Հայաստանը բարձր է գնահատում և կարևորում է Ավստրիայի հետ համագործակցությունը: Վերջին ժամանակաշրջանում դրանք ավելի ինտենսիվ են դարձել: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ավստրիային, Ավստրիայի իշխանություններին այն աջակցության համար, որ ցուցաբերել է Հայաստանին»,- ասել է նախագահը:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար: «Ուրախ եմ, որ կարող ենք արձանագրել, որ մեր երկու երկրների միջև հարաբերություններն ի սկզբանե, 1992 թվականից ի վեր, բարեկամական են եղել և ինչպես ճշմարտացիորեն նշեցիք վերջին տարիներին լրացուցիչ դրական դինամիկա և զարգացում է գրանցվել դրանցում»,- ասել է դեսպանը: