Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում զետեղել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։
«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել մի շարք իրավահարաբերությունների վերաբերող կարգավորումներում, մասնավորապես՝ ընտրությունների նշանակումն ու անցկացումը արտակարգ եւ ռազմական դրության դեպքում, ընտրությունների հրապարակայնություն, ընտրողների իրազեկում, այլ համայնքի կամ այլ բնակավայրի հաշվառում ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, հերթական և արտահերթ ընտրությունների ժամկետները, կանանց ներկայացվածությունը համայնքի ավագանում եւ այլն։ Բացի վերոշարադրյալից՝ նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերով կատարվում են «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից բխող փոփոխություններ:
Ընտրական օրենսգրքում առաջարկվող լրացումներից մեկը մասնավորապես սահմանում է, որ «թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը, ընտրական գործընթացի այլ մասնակիցներն իրավունք չունեն օգտագործել մտավոր, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդներ կամ բռնության կոչեր, բռնության սպառնալիքներ կամ հարկադրանքի ցանկացած այլ ձև»: Նախագծով առաջրկվող մեկ այլ լրացմամբ՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն նշանակվում և չեն անցկացվում։ ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն նշանակվում և չեն անցկացվում։
ՀՀ տարածքի մի մասում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակվում և անցկացվում են միայն այն համայնքներում, որոնց տարածքում արտակարգ դրություն հայտարարված չէ։ Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակվելուց հետո, ներառյալ՝ քվեարկության օրը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է դադարեցված։
Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրվանից հետո, ապա ընտրական գործընթացը չի դադարեցվում, քվեարկության և ընտրությունների արդյունքների ամփոփումը շարունակվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով անհնարին է դարձել արդյունքների ամփոփման գործընթացի կազմակերպումը։
Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով Ազգային ժողովի չնշանակված կամ չանցկացված ընտրությունները նշանակվում են Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան 7 օր հետո, և անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո։ Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չնշանակված կամ չանցկացված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններն անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած օրերից առավել մոտ այն օրը, որ պահպանվեն հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները։
Նախագծերից մեկով էլ առաջարկվում է ՔՕ-ն համալրել նոր հոդվածքով, որով պատիժ է նախատեսվում ընտրություններին մասնակցող թեկնածուին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելու համար։
Ըստ այդմ՝ Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու կամ մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,
2) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) մի խումբ անձանց կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:
Նախագծերի վերաբերյալ ավելի մանրամասն՝ այս
հղումով։