ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորների հետ

Հայաստանի Հանրապետության ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, խմբի անդամներ Արսեն Թորոսյանը եւ Դավիթ Կարապետյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել են Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Լյուբով Շպակի եւ Գերագույն ռադայի պատգամավոր Վադիմ Իվչենկոյի հետ:


«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Արսեն Թորոսյանը, հիշեցնելով, որ Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի նոր ղեկավար է ընտրվել Դմիտրի Միկիշան:


Հանդիպման ընթացքում կարեւորվել է բարեկամական խմբերի ղեկավարների մակարդակով երկկողմ գործակցության ակտիվացումն ու հետագա շփումների սերտացումը:


Կողմերն անդրադարձել են հայ-ուկրաինական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Քննարկվել են միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները: Առանձնահատուկ կարեւորվել է միջխորհրդարանական գործընկերության դերը երկկողմ կապերի ընդլայնման գործում:


Ուկրաինացի պատվիրակները Հայաստան են այցելել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: