ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի և Հունաստանի միջև մշտապես առկա են ջերմ և բարեկամական հարաբերություններ:
Կարևորելով Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում՝ նախարարը շեշտել է դրա ընդլայնման ներուժը:
ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել գործադրել ջանքեր՝ հարաբերությունների խորացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մշակութային տուրիզմի զարգացման, միջազգային հարթակներում համատեղ ծրագրերով հանդես գալու և համագործակցության ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր: