Դեկտեմբերի 12-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածում՝ «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, իսկ հետո բախվել «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի երկաթե ցանկապատին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել «Դեֆանս»-ի անվտանգության աշխատակիցները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկներն ու քաղաքացիները։
Մինչ դեպքի վայր ենէ ժամանել քննիչները,«Աստղիկ» բժշկական կենտրոնից ՊԾ Երևան քաղաքի գունդ ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։