Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրիում անցկացված նախնական քվեարկության մասնակիցներին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր այն գյումրեցիներին, ովքեր մասնակցել են նախնական քվեարկությանը: Երկրի ղեկավարի խոսքով՝ շատ կարևոր է արձանագրել, որ այն մարդիկ, ովքեր մասնակցել են, և իհարկե մասնակցել ցանկացած մյուս անձինք, տեսնեն և իմանան, որ իրենց ձայնը, իրենց քվեարկությունն ունի շատ կոնկրետ ազդեցություն հետագա գործընթացների վրա: «Ինչպես պայմանավորվել ենք՝ ձեր ներկայությամբ ես նախնական քվեարկության ընթացքում ամենաշատ ձայներ հավաքած մեր գործընկերոջը՝ Սարիկ Մինասյանին, հիմա կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար:
Այն բանից հետո, երբ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատվելու դիմում գրեց, որոշում եմ կայացրել Կառավարությանը ներկայացնել Դավիթ Առուշանյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզպետ: Ինչի՞ համար եմ սա ասում, որպեսզի մեր սիրելի հայրենակիցները՝ գյումրեցիները տեսնեն, որ իրենց որոշումները, դիրքորոշումներն ուղիղ ազդեցություն են ունենում Կառավարության և անձամբ իմ որոշումների վրա: Սա մի բան է, որը վերաբերում է ոչ միայն Գյումրիին և գյումրեցիներին: Իհարկե, հերթական անգամ մի ինչ-որ նոր բան է տեղի ունենում Գյումրիում, ինչը շատ խորհրդանշական է»,- ասել է վարչապետը: