Վահագն Խաչատուրյանն ու Ռումինիայի դեսպանը քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին:



Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան և Ռումինիայի ղեկավարությանն ու ժողովրդին և հաջողություններ ու բարգավաճում մաղթել:



Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ իր ջանքերն է ներդնում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար:


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխգործակցության առաջմղման նպատակով քայլերի ակտիվացման շուրջ հարցեր:


Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության և գիտության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խթանման հնարավորություններին:


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային ընդհանուր իրադրության և զարգացումների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները խաղաղ բանակցային ուղիով և ժողովրդավարության զարգացման սկզբունքների գերակայությամբ հաղթահարելու կարևորությունը: