Բենզեման կարող է ավարտել կարիերան և վերադառնալ «Ռեալ»

Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակը։ Relevon-ն գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը խաղակոշիկները կարող է մեխից կախել 2025 թ. ամռանը։


Բենզեման դեռ վերջնական որոշում չի կայացրել, բայց Սաուդյան Արաբիայում 1,5 տարի հանդես գալուց հետո նա ցանկանում է փոխել առօրյան։ Նրան, հատկապես, դուր չի գալիս, որ եղանակային պայմանների պատճառով մարզումներն անցկացվում են երեկոյան։ Բացի այդ, չնայած այժմ «Ալ Իթիհադը» դրական արդյունքներ է գրանցում, Բենզեման հոգեբանական խնդիրների է բախվել։


«Ալ Իթիհադում» հուսով են, որ Բենզեման կարիերան կավարտի 2026 թ. ամռանը, երբ լրանա կողմերի գործող պայմանագիրը։ Եթե 36-ամյա ֆուտբոլիստը որոշի ավարտել կարիերան, նա, ամենայն հավանականությամբ, աշխատանքի է անցնելու Մադրիդի «Ռեալում»։


Ըստ աղբյուրի` Բենզեման իսպանական գրանդի հետ արդեն պայմանավորվածություն ունի, որ կարիերայի ավարտից հետո դառնալու է ակումբի համաշխարհային դեսպանը, մասնավորապես, արաբական աշխարհում։


Բենզեման շարունակում է հիանալի հարաբերություններ պահպանել «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, ինչպես նաև ցանկանում է վերադառնալ Մադրիդ, որտեղ առանձնատուն ունի։


Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման 2009-2023 թթ. հանդես է եկել «Ռեալում», 648 խաղում խփել 354 գոլ, կատարել 165 ասիստ։ Նա 2023 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել «Ալ Իթիհադ»։