Պատմության մեջ առաջին անգամ գերծանր քաշային կարգում ծանրամարտի աշխարհի չեմպիոն ունեցանք. Կարեն Գիլոյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականն աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանի գլխավորությամբ Բահրեյնից վերադարձել է Երևան:


«Վերջին անգամ 2019 թվականին Սիմոնը, որ դարձավ աշխարհի չեմպիոն, ես էլի այնտեղ էի, բայց եթե Սիմոնն այդ ժամանակ ֆավորիտ էր, և հաղթանակը կասկած չէր հարուցում, այս անգամ դատելով այն բանից, որ, այնուամենայնիվ, հավաքականը իր լավագույն մարզավիճակում չէր, այստեղ մտավախություն կար, որ կարող է նաև ինչ-որ բան այնպես չգնալ»: Այս մասին օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:


«Այս առաջնությանը թիմը կատարյալ պատրաստ չէր, ու դա էին վկայում զրոներն ու վնասվածքները: Հետո ընթացքն էլ ցույց տվեց, որ մրցակցությունը շատ ուժեղ է լինելու, հատկապես Իրաքի երիտասարդ ներկայացուցչի երիտասարդական ռեկորդների տեղատարափը սկսեց մտավախություն առաջացնել, և հետո ԻԻՀ երկու հզոր տղաների մասնակցությունը»,-նշեց Գիլոյանը:


Վերջինս անդրադարձավ նաև մի շարք մասնագիտական մանրամասների՝ նշելով.


«Վարազդատը երկրորդ մոտեցման ժամանակ մի քիչ թպրտացրեց սրտերս, զարկերակի բաբախումն արագացավ, բայց հաջորդ մոտեցմամբ ապացուցեց, որ այսօր ուժեղագույնն է աշխարհում: Պատմության մեջ առաջին անգամ գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն ունեցանք ծանրամարտի: Շնորհավորում եմ բոլորիս. լավ եզրափակում էր տարվա»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը: