Սա շատ կարևոր և ուշագրավ դրվագ է, որի մասին երկար եմ մտածել. Թագուհի Ղազարյանի հիշեցումը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Ընտանեկան փոդքաստի» երկրորդ թողարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնում է 2018-2019 թվականներին իր և առաջին տիկնոջ խաղաղության խոսույթներին, որոնց նկատմամբ ագրեսիվ արձագանքը ստիպել է ինչ-որ պահի հետքայլ անել։


Սա շատ կարևոր և ուշագրավ դրվագ է, որի մասին երկար եմ մտածել․ ինչո՞ւ մենք՝ խաղաղության խոսնակներս, «դուրս թռանք ռելսերից», ինչպես ասում է վարչապետը։ Պատերազմից հետո հաճախ է մեր հասցեին հնչել քննադատություն, թե ինչու ժամանակին՝ նախքան պատերազմը, առաջ չենք մղել խաղաղության օրակարգը։


Ուզում եմ այստեղ երկու հղում տեղադրել․ 2019 թվականի մարտի 19-ի ասուլիսին վարչապետը պայմանական հայ օգտատեր Վազգենին և պայմանական ադրբեջանցի օգտատեր Ալիին հորդորում էր դադարեցնել միմյանց հայհոյելը և քննարկել իրավիճակը․ https://www.youtube.com/watch?v=KXNp37vFhfs սա խաղաղության կոչ էր։ 2018 թվականի հուլիսին՝ հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո առաջին տիկին Աննա Հակոբյանը սկսեց խաղաղության արշավը https://www.azatutyun.am/a/29390471.html , խաղաղության արշավի հռչակագիրը հրավիրում էր միավորվել օրակարգի շուրջ https://wfp.annahakobyan.am/hy/call-for-peace/ ։ Արշավին միացան միայն 790 անհատ և 17 կազմակերպություն։


Այն ժամանակ այս օրակարգը օստրակիզմի էր ենթարկվում բոլոր կողմերից․ ամենառազմատենչները մեղադրում էին առաջին տիկնոջը խաղաղության քարոզի, ամենառադիկալ խաղաղատենչները՝ կամուֆլյաժով լուսանկարների համար։


«Հիմա շատ վճռական և կարևոր պահ է»,-արձանագրում է վարչապետը։ Մեզ կարողանալո՞ւ են շեղել մեր վճռականությունից։ Սա է հարցը, որին պետք է բոլորս պատասխանենք, որովհետև «ճանաչել միմյանց և չատել չի նշանակում թուլանալ և պարտվել», որովհետև «խաղաղություն հաստատում են նրանք, ովքեր հանդգնում են դրա մասին երազել, ուժ են գտնում այն համատեղ իրագործել», որովհետև «խաղաղությունը հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են»։