ԵՄ-ին անդամակցության նախագծի վերաբերյալ ԱԺ-ն փորձագիտական եզրակացություն, Կառավարությունն էլ առաջարկ է ներկայացրել. Ինչի՞ մասին են դրանք

Արդեն հայտնել ենք, որ նախորդ տարեվերջին ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել  քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Այն դեռևս չի ընդգրկվել ԱԺ նստաշրջանի օրակարգում, դրա վերաբերյալ խորհրդարանը, ըստ կարգի,  փորձագիտական եզրակացություն է ներկայացրել՝ առաջարկելով վերանայել նախագիծը և  որոշակի շտկումներ կատարել։ Ըստ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության եզրահանգման՝ «նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցելու՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանության տեսանկյունից»:


Сivic.am-ը տեղեկացավ, որ նախագծի վերաբերյալ իր հերթին առաջարկություն է ներկայացրել նաև այն նախօրեին հավանության արժանացրած ՀՀ կառավարությունը՝ մասնավորապես առաջարկելով. «...նախագիծը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին, մասնավորապես, նախագծի բովանդակային մասը համարակալել հոդվածի տեսքով, ինչպես նաև նախագծում նախատեսել եզրափակիչ մաս՝ սահմանելով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը: Բացի դրանից՝ նախագծում առկա «հռչակում է» բառը առաջարկվում է փոխարինել «հայտարարում է» բառով, իսկ նախագիծը կարգավորման բեռ չունեցող նախադասություններով չծանրաբեռնելու նպատակով առաջարկվում է հանել նախագծի նախաբանը: Ըստ այդմ՝ առաջարկվում է նախագիծը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ  

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»: Նախագիծը առաջարկվող տարբերակով ընդունելը հնարավորություն կտա առավել իրատեսական դարձնելու Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալու գործընթացի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպասումները, ինչպես նաև առավել աշխատանքային միջավայր ձևավորել Եվրոպական միության հետ նշված օրակարգի հետագա քննարկման համար»:


 ԱԺ պաշտոնական կայքում հունվարի 9-ին զետեղված Կառավարության առաջարկում նշված է նաև. «Ելնելով Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած՝ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնի 1.1-ին ենթաբաժնից, որի համաձայն՝ «Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և այլ համատեղ ստորագրած փաստաթղթերի վրա: Շարունակվելու է Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների, ոլորտային առկա մարտահրավերները հաղթահարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսություն սկսելու ուղղությամբ», ինչպես նաև նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Եվրոպական խորհրդարանում հնչեցված դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանը այնքան մոտ լինել, ինչքան Եվրոպական միությունը հնարավոր կհամարի, Կառավարությունն առարկություն չունի նախագծի բովանդակության վերաբերյալ»:


Հ. Մ.