Մեզ համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր․ ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը։


Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է. «Ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանում: Հարկ է նշել, որ նախորդ տարին բավական արդյունավետ էր մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխադարձ այցելությունների ինտենսիվության առումով: Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետևողական ամրապնդումը: Մեզ համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր»:



Հայաստանի նախագահը կարևորել է նաև բարեկամական խմբերի ձևաչափով փոխգործակցությունը և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների պարբերական հանդիպումները՝ նկատի ունենալով խորհրդարանների նշանակալի դերը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման, փոխվստահության և լիարժեք փոխըմբռնման մթնոլորտի կառուցման գործում: