ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հունվարի 14-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջարի Բարնեթի գլխավորած պատվիրակությանը: 


Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ողջունելով Ջարի Բարնեթին՝ շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:


ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, Արսեն Այվազյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը: 


ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջարի Բարնեթը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին՝ անդրազգային բնույթի հանցագործությունների ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակման համար:


Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով ապահովելու համագործակցության շարունակականությունը: