Արևմուտքում ՀՀ-ին անհամբեր սպասում են, Հյուսիսից էլ՝ սպառնում․ Լավրովի հուշումը Ալիևին

2025 թվականը Հայաստանի համար մեկնարկել է արտաքին աշխարհից եկող  ինտրիգային ազդակներով, որոնք շոշափում են մեր երկրի արտաքին կողմնորոշմանը վերաբերող կարևոր շահեր։  


Արտաքին առաջին ինտրիգային ազդակը «ավանդաբար» եկավ Ադրբեջանից՝ վերջինիս նախագահի շուրթերով ՀՀ-ի հասցեին հնչեցված կոշտ, մաքսիմալիստական և ռազմատենչ հռետորաբանությամբ,  որին, եթե անկեղծ լինենք, ՀՀ քաղաքացիները սովոր են. զարմանալի կլիներ, եթե Ալիևը վերանայեր իր շուրջ երկու տասնամյակ բանեցրած բառապաշարն ու խոսեր ըստ պատշաճի՝ խաղաղության օրակարգից, կառուցողական լեզվով։  Արտաքին մյուս ազդակներն էլ ստացվեցին Հյուսիսից և Արևմուտքից, ի մասնավորի՝ ԵՄ-ից։ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը՝ անգամ քաղաքացիական նախաձեռնության կարգով կառավարության կողմից հավանության արժանացած և ԱԺ ուղարկված օրենքի նախագծի տեսքով, բնականաբար, հունից հանել է ՀՀ ոխերիմ դաշնակցին՝ ստիպելով խոսել դիվանագիտական շանտաժի լեզվով, թե՝ եթե գնում եք ԵՄ, ուրեմն ԵԱՏՄ-ում տեղ չունեք, եթե ապավինում եք Արևմուտքի անվտանգային աջակցությանը, ապա ցտեսություն ասեք  ՀԱՊԿ-ին... Կարճ ասած՝ կողմնորոշվեք՝ մեզ հե՞տ եք, թե՞ մեր թշնամու՝ հավաքական Արևմուտքի, որ իմանանք, ըստ այդմ էլ անենք մեր անելիքը։ Իսկ ՀՀ-ի նկատմամբ  «անելիքի»  հարցում  ՌԴ-ն  կարող է դիմել հետևյալ գործիքներին՝ ՀՀ մտնող ռուսական գազի փականը «պլոմբելուց», տնտեսական մամլիչը բանեցնելուց մինչև ՀՀ-ի համար արտաքին սպառնալիքների գեներացում՝ ՀՀ-ի վրա Ադրբեջանին «քսի տալու» տեսքով... Այս «պրոֆիլակտիկ» միջոցառումների նպատակը, բնականաբար, մեր երկրի իշխանություններին «դարձի բերելը», այսինքն՝ «նորին գերազանցություն»  ՌԴ-ի ծիր վերադարձնելն է, քանի որ, ինչպես Կրեմլի խոսնակներն էին օրերս գուժել՝ «ԵՄ-ում ՀՀ-ին մահ է սպասվում»։ Ամեն ինչ, ինչպես տեսնում եք, պրիմիտիվության աստիճանի պարզ է, այնպես որ՝ վերլուծական տարրական ջանք անգամ չի պահանջվում ՌԴ-ի ասածն ու ուզածը  հասկանալու համար։     


Հատկանշական է, որ այն օրը, երբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում էր՝ ստորագրելու Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, ՀՀ-ն երկու մեսիջ ստացավ։  Առաջինը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայից՝ «Եվրոպական միությունը  հանձնառու է  ամրապնդելու Հայաստանի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները, պատրաստ է խորացնել անվտանգության, տնտեսության, ժողովրդավարության և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը», և ուրեմն՝ «անհամբեր սպասում եմ վարչապետ Փաշինյանի հետ դեմ առ դեմ հանդիպմանը»։


Երկրորդ մեսիջն էլ ռազմավարական դաշնակից երկրից էր, որի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աղաղակեց՝ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները բարդ են, բայց երկխոսությունը շարունակվում է»,  «Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևան երկրների հետ, այլ ոչ թե աջակցության համար դիմի ԵՄ-ին և ԱՄՆ-ին»,  ուստի՝  իրավացի էին մեր փոխվարչապետ Օվերչուկն ու մյուս հուշարարները՝ ՀՀ-ն միաժամանակ չի կարող նստել երկու աթոռի վրա՝  անդամակցել ԵՄ-ին և լինել ԵԱՏՄ-ում։ Եվ բացի սրանից՝ ՀՀ-ն չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին,  համաձայնել, ապա հրաժարվել է ՀԱՊԿ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահման ուղարկելու առաջարկից, փոխարենը տեղակայել է մեզ հետ դիմակայության մեջ գտնվող  Արևմուտքի՝ ԵՄ դիտորդներին, որոնք «մեծամասամբ զբաղվում են ոչ այնքան Հայաստանին, որքան արևմտյան դաշինքներին հետաքրքրող՝ հետախուզական տվյալներ հավաքելու  հարցերով»,  այդ դիտորդները, հետևապես, չեն կարող ապահովել Սյունիքի մարզի անվտանգությունը։ Եվ ուրեմն՝  Արարատ Միրզոյան, համեցե՛ք Մոսկվա, խոսելու բան կա։  Հարկ է ընդգծել, որ պարոն Լավրովի բոլոր այս թունավոր կսմիթները ուղեկցվում էին հատուկ շեշտելով՝ հիշյալ բոլոր որոշումները ՀՀ սուվերեն որոշումն են, այլ կերպ ասած՝ դրանք կայացվել են առանց ՌԴ-ին բանատեղ դնելու։ Հետևապես, եթե բանը հասնի ինքնագլուխ որոշումները չվերանայելու հետևանքները քաշելուն, ապա... մեզնից չնեղանաք։   


Պատահական չէ, որ Լավրովը  ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության համատեքստում անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործակցության մասնավոր դրվագներից մեկին՝ անզեն դիտորդների տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, հատուկ արծարծում է  ՀՀ-ի համար պրոբլեմատիկ ու չափազանց զգայուն՝ Սյունիքի մարզի անվտանգության թեման։ Ուշադրություն դարձնենք, ԵՄ առաքելությունը տեղակայված է ՀՀ սահմանի տարբեր հատվածներում, ՀՀ տարբեր մարզերում, սակայն պարոն Լավրովը հատուկ բերում է հենց Սյունիքի մարզի օրինակը, հնչեցնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» «աշխարհագրական կոորդինատները»՝  այսպիսով անոնսելով, թե որ ուղղությամբ է Պուտինի հետ «փակ հարցեր» չունեցող Ալիևը պլանավորում  ագրեսիա իրականացնել։ ՌԴ ԱԳ նախարարի այս ազդականչի նպատակը, ակնհայտորեն,  ՀՀ-ին նախազգուշացնելն է՝  «անգլիական նավերը» այս անգամ էլ չեն կարողանալու  բարձրանալ «Տավրոսի լեռները»,  ուստի ստիպված եք լինելու ապավինել «ռսի օրհնած ոտին», բայց չեք ստանալու այդ «ոտքը»։  


Լավրովի այս  հարայ-հրոցը իրականում այլ՝ կարճաժամկետ խնդիր լուծելու նպատակ ունի. նա ինքն էլ համոզված է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացը ՀՀ-ի համար չի լինելու ոչ վաղը, ոչ էլ, գուցե, վաղը չէ մյուս օրը, այն երկար, բարդ ու  աշխատատար գործընթաց է։ Բայց քանի որ այսօր ակտուալ է ՀՀ-ի՝ դեպի Արևմուտք «շեղվելու» օրակարգը,  ապա պետք է օգտվել առիթից և լեգիտիմացնել ՌԴ-ին այդքան տհաճություն պատճառող խնդրի լուծումը՝  ԵՄ դիտորդների  վռնդմանը ՀՀ-ից։ Ադրբեջանն, ինչպես գիտենք, խաղաղության պայմանագրի վիճելի կետերի թվում ներառել է նաև «երրորդ երկրների ուժերը սահմաններին չտեղակայելու»՝ ԵՄ դիտորդներին սահմանից հանելու հարցը։ Այս  պահանջի բավարարումը ռուս-ադրբեջանական փոխշահավետ խնդիր է լուծելու, քանի որ դիտորդների դուրսբերման դեպքում Ադրբեջանի ձեռքերն ազատ կլինեն սահմանային սադրանքներ իրականացնելու հարցում, դե իսկ ՌԴ-ն էլ հասնելու է տարածաշրջանից «արևմտյան ապակայունացնող ներկայությունից» ազատվելու  կապրիզի բավարարմանը։ Ու որպեսզի լեգիտիմացվի այս փոխշահավետ օրակարգը, այն էլ՝ հենց այս՝ ՀՀ-ի «եվրառևերսի» օրերին, ապա օգնության է հասնում պարոն Լավրովի  դավադրապաշտական տեսությունը՝ դիտորդները իրականում դիտորդություն չեն անում, այլ զբաղված են հետախուզական տվյալներ  հավաքելով։ Ադրբեջան, հարձակվիր Սյունիքի վրա, դիտորդները քեզ չեն խոչընդոտի, փոխարենը կպայթեցնենք անվտանգության այս «բարձիկի»  մասին  ՀՀ-ի մոտ ձևավորված միֆն ու... միասին կսպասարկենք «միջանցքը» ստանալու և դիտորդների «ոտքը քերելու» մեր ընդհանուր նպատակը...      


Եթե ամփոփենք Արևմուտքից և Հյուսիսից եկած մեսիջները՝ ապա համապատասխանաբար դրանք հետևյալի մասին էին. Արևմուտք՝ եկեք շարունակենք աշխատել միասին՝ «պիլոտային փուլից» անցնելով  աշխատանքային փոխշահավետ պայմանագիր կնքելու մակարդակին։  


Հյուսիս՝ էս ի՞նչ աշխատելու ձև է, մեզ ինչո՞ւ չեք վերաբերվում որպես «գործատու»-ի, եթե չվերանայեք ձեր աշխատաոճը ու շարունակեք պաշտպանել ձեր աշխատանքային իրավունքները, ապա մենք կկրճատենք ձեր աշխատավարձը, կվատթարացնենք ձեր աշխատանքային պայմանները, և բանը կհասնի նաև ձեզ աշխատանքից հեռացնելուն։ 


Ասում էինք, չէ՞, ամեն ինչ պրիմիտիվության աստիճանի պարզ է ու կանխատեսելի։        

       

Հ. Մ.