Բաքվի հայերը թողել են միլիարդների ունեցվածք՝ զրկված փոխհատուցման հնարավորությունից․ ՀՀ ԱԳՆ

Բաքվի հայերը թողել են միլիարդների արժողությամբ ունեցվածք և հարստություն՝ զրկված լինելով դրա դիմաց որևէ փոխհատուցում ստանալու հնարավորությունից, նշված է ՀՀ ԱԳՆ-ն՝ Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը հիշատակող հայտարարության մեջ։


Հիշեցնում են՝ հայերի ճնշող մեծամասնությունը ստիպված էր լքել սեփական բնակավայրերն այն պարագայում, երբ հայ համայնքը 19-րդ դարի կեսերից էական դեր էր ունեցել Բաքվի արդյունաբերական քաղաքի կառուցման և զարգացման գործում։


«1990թ. հունվարին Բաքվում հայ բնակչության կոտորածին, որը հստակ նպատակ ուներ բռնի տեղահանության ենթարկել երբեմնի 250 հազարանոց հայկական համայնքի մնացորդներին, նախորդել էին Ադրբեջանի Սումգայիթ և Կիրովաբադ (ներկայիս Գյանջա) քաղաքներում ավելի մասշտաբային ջարդերը»,- նշված է հայտարարության մեջ։


1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն: Այս ամենին զուգահեռ ադրբեջանական քաղաքներում հայերի հազարամյա հետքերը միտումնավոր ջնջվեցին։


«Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին և վերապրածներին՝ Հայաստանը խորապես հավատում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը»,- եզրափակվում է հայտարարությունը։