Ալիևը հարևաններին կոչ է արել «օրինակ վերցնել Ադրբեջանից և Վրաստանից»

Ադրբեջանցի և վրացի ժողովուրդները «դարեր շարունակ» ապրել են բարեկամության, բարիդրացիության և եղբայրության պայմաններում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո մամուլին տված հայտարարության մեջ։


«Այսօր վրաց-ադրբեջանական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ուղղություններով։ Կարծում եմ, որ մեր քաղաքական հարաբերությունները կարող են օրինակ դառնալ մեր բոլոր հարևանների համար»,- ասել է Ալիևը։


Նա նշել է, որ ներկայումս Ադրբեջանն իր բնական գազը արտահանում է 11 երկիր Վրաստանի տարածքով, և արտահանումը տարեցտարի ավելանում է:


Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև հաղորդակցությունների հարցերին և Միջին միջանցքի նախագծին.  «Վստահ եմ, որ մեր համապատասխան կառույցների համակարգված գործունեությունը թույլ կտա հաջողությամբ ավարտին հասցնել նաև այս նախագիծը։ Այստեղ, իհարկե, մեզ անհրաժեշտ է շփվել շատ հարևանների հետ, և այդ շփումները կան։ Այս նախագիծն ընդգրկում է նաև մեծ աշխարհագրություն, և Վրաստանն Ադրբեջանի հետ կրկին հաջողությամբ խաղում է Եվրոպայի և Ասիայի միջև կամրջի դեր»։