Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օկտայ Սարալի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորների արտահայտությունների։
«Ենի
Ադրբեջան»-ը հայտարարել է, որ թուրքական լրատվամիջոցներով, այդ թվում՝ իշխանությանը
մերձ, պարբերաբար տարածում են կեղծ և զրպարտչական տեղեկատվություն Ադրբեջանի
մասին։ Հատկապես վրդովմունք է առաջացրել այդ արշավին թուրքական իշխանության
բարձրաստիճան ներկայացուցիչների ներգրավվածությունը։
Կուսակցությունը
հերքել է Բաքվի հասցեին մեղադրանքները՝ Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով,
և հիշեցրել Պաղեստինին իր հետևողական աջակցության, մարդասիրական օգնության ցուցաբերման
և Արևելյան Երուսաղեմում Պաղեստինի մայրաքաղաքով երկու պետությունների սկզբունքին
իր հանձնառության մասին։
«Ենի
Ադրբեջան»-ը ընդգծել է, որ Ադրբեջանը, ինչպես և
Թուրքիան, աշխարհիկ պետություն է, իսկ դպրոցական համազգեստի ու կրոնական հագուստի
հարցերը վերաբերում են նրա ներքին քաղաքականությանը։
«Ոչ մի
պետություն իրավունք չունի իր կամքը թելադրելու այլ մուսուլման ժողովուրդներին,
միջամտելու նրանց ներքին գործերին կամ իրեն վեր դասելու մյուսներից»,- ասվում է
հայտարարության մեջ։
Կուսակցությունը
նաև դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին ուղղված վիրավորանքները և
հիշեցրել, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը ենթադրում է երկու անկախ պետությունների
գոյություն, այլ ոչ թե մեկի իրավունքը՝ միջամտելու մյուսի գործերին։
«Ենի
Ադրբեջան»-ը Թուրքիայի իշխող կուսակցությանը կոչ է արել
հրաժարվել նման քաղաքականությունից, հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը և զերծ
մնալ գործողություններից, որոնք կարող են վնասել Բաքվի և Անկարայի
հարաբերություններին։