Լեհաստանում լրտեսության կասկածանքով Ռուսաստանից մարզիկ է ձերբակալվել, որը խաղում էր Առաջին լիգայի հոկեյի ակումբներից մեկում, հայտարարել է գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Զբիգնև Զեբրոն։ Նա ընդգծել է, որ հոկեյիստը դարձել է ռուսական լրտեսական ցանցի 14-րդ բացահայտված անդամը։ Գլխավոր դատախազը չի նշել ձերբակալվածի անունը կամ այլ մանրամասներ։
Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգող-նախարարի մամուլի ծառայությունը, ևս չնշելով ձերբակալվածի անունը, հայտնել է, որ կասկածյալը Լեհաստանում է գտնվել 2021 թվականի հոկտեմբերից և, ի թիվս այլ բաների, զբաղվել է «մի քանի վոյեվոդությունների կարևոր ենթակառուցվածքների մասին» տվյալների հավաքմամբ։ Նա երեք ամսով կալանավորվել է։ Gazeta Wyborcza-ի տվյալներով՝ ձերբակալվածի անունն է Մաքսիմ Ս.: