Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին՝ Մոնակոյի պետնախարար Դիդիե Գիյոմի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է.


«Խոր ցավով տեղեկացա Մոնակոյի պետնախարար պարոն Դիդիե Գիյոմի մահվան մասին։


Պետնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելով 2024 թվականի սեպտեմբերին՝ Դիդիե Գիյոմն իր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական ուղու ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունն ու գիտելիքներն աներկբա վճռականությամբ ներդրել է ի բարօրություն Մոնակոյի Իշխանապետության և իր ժողովրդի։


Առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում Հայաստանին վերաբերող հարցերում նրա շարունակական ուշադրությունը և հայ ժողովրդի հանդեպ անվերապահ բարեկամությունն ինչպես Մոնակոյում, այնպես էլ Ֆրանսիայում իր ծավալած գործունեության ընթացքում։


Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մեր խորին ցավակցություններն ու զորակցություն ենք հղում Ձեզ, իսկ հանգուցյալի ընտանիքին և մերձավորներին մաղթում տոկունություն և ոգու ամրություն»: